ՆԱԽՈՐԴԸ
 

---Տերունական ընթրիքը Տեր Հիսուսի կողմից պատվիրված արարողություն է, որը խորհրդապատկերով հիշեցնում է Տեր Հիսուսի զոհաբերվելը մարդու փրկության համար: Սա նաև վկայությունն է այն Ուխտի, որ այս Զոհը ընդունողները Նոր Ուխտի մեջ են Աստծո հետ:

1. Ո՞Վ Է ՊԱՏՎԻՐՈւՄ ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔ ԿԱՏԱՐԵԼ
--Սուրբ Գրքում հանդիպում ենք եկեղեցական մի արարողության, որը կոչվում է ՙՏերունական ընթրիք՚ կամ ՙՀաց կտրել՚: Այս արարողությունը շատ եկեղեցիների կողմից անվանվում է ՙՀաղորդություն՚, իսկ մենք այն ընդունում ենք ՙՏերունական ընթրիք՚ անվանումով: Տեր Հիսուս Քրիստոսը պատվիրեց իր աշակերտներին մշտապես այդ արարողությամբ իրեն հիշել: Ղուկ.22:19,20; 1Կոր.11:20,23,24;

2. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԸ

Հրեական զատկի տոնական սեղանին կար մսեղեն, բանջարեղեն և բավարար ուտելիք, որոնցով կարելի էր կշտանալ: Բայց Տերն իր աշակերտներին պատվիրեց և առանձնացրեց արարողության միայն այն մասը, որը բավարար էր իրեն հիշելու: Դա կատարվում է մի կտոր հաց ուտելով և մի փոքր գինի խմելով, որոնք խորհրդանշում են Տիրոջ մարմինը և խաչի վրա թափված արյունը: Մտթ.26:26-28; Պողոս առաքյալն էլ է այս հաստատում անձամբ Տիրոջից առած լինելով: 1Կոր.11:23-26;
--ՙՏերունական ընթրիքը՚ հավատացյալներին կարող են մատուցել եկեղեցու առաջնորդները: Գործք.2:42; Եփ.4:11,12;

3. ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻ ԽՈՐՀՈւՐԴԸ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔԸ

ՙՏերունական ընթրիքը՚ իր մեջ ներառում է այս երկու խորհուրդը.
Հիշել և դավանել Աստծո փրկարար գործը և հավատացյալներիս իրար հետ մեկացած լինելը Տիրոջ մեջ:
--Հրեական բաղարջակերաց տոնը հիշատակումն էր այն իրողության, թե ինչպես Աստված Աբրահամի սերնդին ազատեց եգիպտական գերությունից` Զատկի գառան արյան սրսկումով, իսկ ՙՏերունական ընթրիքը՚ հիշեցումն է այն իրական փրկության, որը Տեր Հիսուսի խաչի և հարության շնորհիվ կատարվեց, որով հավատացողներն ազատվեցին մեղքից և մեղքի պատժից` հավիտենական տանջանքից: Այո´, ընթրիքը խորհրդանիշերով` հացով և գինով Տեր Հիսուս Քրիստոսի փրկագործության հիշատակումն է` հավատացյալի հավատքի դավանությունը, կապված Տիրոջ գործին: Գինին խորհրդանշում է նրա խաչի վրա թափած արյունը, իսկ հացը` նրա մարմինը: Հովհ.6:47-52,64,65 - համարներում ուտել և խմելը հոգևոր իմաստ ունի, որը նշանակում է հավատալ և ընդունել սրտանց: Ոչ թե հավատում ենք, թե գինին ու հացը փոխվում են արյան և մսի, այլ դավանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի կատարած փրկագործությունը: Հովհ.3:16;
--ՙՏերունական ընթրիքով՚ հավատացյալը հիշում և դավանում է, որ Տերը իր մեղքերի համար զոհվել է խաչի վրա, հարություն է առել և իրեն համար հաղթություն ապահովել մեղքի և մահվան դեմ և որ իրենք` հավատացյալներով միասին մեկ մարմին են Աստծո դրած նպատակների մեջ: Եւ որպես այդ մարմնի առանձին անդամներ, իրենց հոգևոր գոյությունն ու կատարելությունը իմաստավորված է մեկ մարմնի մեջ` Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ: 1Կոր.10:16,17; 12:12,13; Եփ.1:22,23; 4:1-6;
--ՙՏերունական ընթրիքի՚ խորհուրդը շատ կարևոր է, սակայն միջոց չէ փրկվելու, այլ կարևոր է հիշեցնելու իմաստով: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքով փրկված անձը խորհրդով իր մեջ կատարված կյանքի փոփոխության դավանությունն է տալիս: Այսպիսով, ՙՏերունական ընթրիքը՚ մեզ հիշեցնում է Քրիստոսի անձով Աստծո կատարած փրկագործությունը: Մենք հիշում ենք Տեր Հիսուսին` մարմնով եկած, չարչարված, մեռած և հարություն առած: Եւ այս գործով ընդունում ենք, որ նա հատուցեց մեր մեղքերի պատիժը և մեզ գնեց գերությունից, կորստից և դարձրեց Աստծո սեփականությունը: Եւ քանի որ Աստծո սեփականությունն ենք, ուստի Տեր Հիսուսի արյամբ Նոր ուխտի մեջ ենք և նրա զորությամբ կապրենք հավիտյան:
--ՙՏերունական ընթրիքը՚ ունի գործնական մեծ օգուտներ.
-- Հիշում ենք Տիրոջ խաչով կատարված փրկագործությունը - Եբ.12:2;
-- Հավատքով և դավանությունով օրհնություն ենք ձեռք բերում - Հռ.10:9,10;



4. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՏԵՐՈւՆԱԿԱՆ ԸՆԹՐԻՔԻՆ

ՙՏերունական ընթրիքին՚ կարող է մասնակցել նա, ով ապաշխարելով Տեր Հիսուսին ընդունել է Տեր ու Փրկիչ: Գործք.2:37-42;
--ՙՏերունական ընթրիքի՚ մտքից շեղված մարդկանց առաքյալը համարում է հերձվածներ և դատապարտելի 1Կոր.11:17-22, որոնք ՙՏերունական ընթրիքը՚ կատարում են որպես պարտադիր ծես և ոչ թե Տիրոջ Ուխտի միտքն ու խորհուրդը ընդունողներ: Մեր օրերում էլ կան ոմանք, որոնք ՙՏերունական ընթրիքի՚ նպատակից և խորհրդից շեղված` սովորեցնում են, իբրև թե հաց ուտելով և գինի խմելով ուղղակի Տիրոջ մարմինն ու արյունն են ուտում և խմում: Նրանք չեն կարևորում հավատքը Աստծո գործի նկատմամբ և վարմունքը եկեղեցու հետ, այլ ուտում են, որ փրկվեն: ՙՏերունական ընթրիքը՚ կարևոր է, սակայն չի փրկում, այլ հիշեցնում է Աստծո տված փրկությունը, որը ապաշխարածի կյանքում արդեն կատարված է:
--Այս օրինակի պես էլ Հին Ուխտի մեջ հրեական Զատիկն էր հիշեցնում Աստծո փրկագործությունը և ուխտը: Ամեն անգամ Զատիկ անելով` իսրայելացին ոչ թե փրկվում էր Եգիպտոսի գերությունից, այլ հիշում և դավանում էր Աստծո փրկարար գործը: Այսպես էլ Նոր Ուխտի մարդիկ ոչ թե ՙՏերունական ընթրիքին՚ մասնակցելով են փրկվում մեղքի և Սատանայի գերությունից, այլ հիշում և դավանում են Աստծո փրկագործությունը, որը արդեն կատարված և ընդունված է հավատացյալի կյանքում:
--ՙՏերունական ընթրիքին՚ մոտեցողը պետք է հավատքով, երկյուղով և ինքնաքննությամբ մոտենա, եթե ոչ, անարժանաբար մոտեցողներին` ՙՏերունական ընթրիքի՚ խորհրդի նպատակից շեղվածներին Աստված պատժում է: 1Կոր.11:27-32;
--Անարժանաբար մոտենալ նշանակում է.

--Ա. Անհավատություն ցուցաբերել Աստծո փրկագործությանը: Օրինակ` չհավատալ նոր մարդ լինելուն, չհավատալ հավիտենական կյանք ունենալուն, հարությանը, Քրիստոսի երկրորդ գալուստին:

--Բ. Մարդը չի վարվում քույր-եղբայրների հետ այնպես, ինչպես Տերն է պահանջում: Օրինակ` նա բամբասկոտ է, խռովկան, չներող, կռվարար, նախանձ, անողորմ: Հետևաբար` նրա Տերունական ընթրիքով դավանությունը սուտ է. դավանում է, թե Քրիստոսով մեկացած է հավատացյալներին մեկ մարմնի մեջ, բայց իրականում նա սրտի բաժանություն, աչառություն, անարգանք և արհամարհանք ունի ոմանց հանդեպ: Այսպիսի մարդը չի զանազանում Տիրոջ մարմինը` եկեղեցին:

--Ամփոփում. Տերունական ընթրիքը Տեր Հիսուսի կողմից պատվիրված արարողություն է, որը խորհրդապատկերով հիշեցնում է Տեր Հիսուսի զոհաբերվելը մարդու փրկության համար: Սա նաև վկայություն է այն Ուխտի, որ այս Զոհը ընդունողները Նոր Ուխտի մեջ են Աստծո հետ:

designed by "Verjin Andzrevner" studio 2007