|
 |
mmmm |
| |
--ՙԵրդումը՚ խոսք է, որն իր մեջ ունի օբյեկտ, և այդ օբյեկտը երդվողի համար ունի ամենաբարձր արժեքն ու հեղինակությունը: Երդման խոսքը հաստատում է խոսողի խոսքի ճշմարիտ և անփոփոխ լինելը: Սակայն նորկտակարանյան ժամանակաշրջանում Տերը պատվիրել է չերդվել` փորձությունից հեռու մնալու նպատակով:
--Աստված երդումներ ունի փրկվողների և կորսվողների հետ կապված` նրանց կատարյալ ընտրությունից ելնելով` ոմանք դեպի հավիտենական կյանք, իսկ ոմանք դեպի հավիտենական տանջանք` հավիտյան զրկված Աստծո հանգստից: |
---Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով`
1. ԵՐԴՈւՄԸ ԸՍՏ ՍՈւՐԲ ԳՐՔԻ
2. ԵՐԴՄԱՆ ԳՈՐԾԱԾՈւԹՅՈւՆԸ ՆՈՐ ՈւԽՏՈւՄ
3. ԱՍՏԾՈ ԵՐԴՈւՄՆԵՐԸ
1. ԵՐԴՈւՄԸ ԸՍՏ ՍՈւՐԲ ԳՐՔԻ |
---ՙԵրդումը՚ խոսք է, որն իր մեջ ունի օբյեկտ, և այդ օբյեկտը երդվողի համար ունի ամենաբարձր արժեքն ու հեղինակությունը. երդման խոսքը հաստատում է խոսողի խոսքի ճշմարիտ և անփոփոխ լինելը: Եբ.6:13-20;
---Թե´ Հին և թե´ Նոր Կտակարաններում ՙԵրդման՚ թեման լուրջ տեղ է գրավել: Նոր Կտակարանում այս թեման կարևոր տեղ է գրավել թե´ Տեր Հիսուսի վարդապետության մեջ և թե´ նրա հետևորդների ուսուցումներում: Երդման խոսքին հանդիպում ենք Աստվածաշնչի առաջին գրքից սկսած, որի մեջ հենց ինքն Աստված էլ է երդվում: Ծն.22:16-18;
---Հին Կտակարանում հանդիպում ենք այն փաստերին, որ Աստված ուղղություն էր տվել իր ժողովրդին` երդումը գործածել խոստումների, ուխտերի, պայմանների, վեճերի և վիճարկելի հարցերի մեջ: Ել.22:10,11; 2Օր.6:13; Ես.65:16; Երեմ.4:2; Եբ.6:16;
---Աստծո կողմից ուղղություն էր տրվել, որ երդման օբյեկտը լինի միայն Աստված` միայն Աստծով երդվեն: Եւ սա ցույց է տալիս Աստծո անհավասար մեծությունը ողջ տիեզերքում: Եբ.6:13,14; Սակայն եթե մեկը որևէ ուրիշ բանով երդվեր, սա ցույց էր տալիս, որ երդվողը Աստծուց ավելի բարձր էր դասում այն, ինչով նա երդվում էր: Սա անարգանք և ուրացում էր Աստծուն, ինչպես նաև սուտ վկայություն` իբրև Աստծուց ավելի մեծը կամ նրան հավասարը գոյություն ունի:
---Երեմ.12:16-ից երևում է, որ Աստված այն մարդկանց է հաստատելու որպես իր բաժինը, որոնց կողմից նա մեծարվում է:
---Սոփ.1:4,5 - հատվածը ցույց է տալիս, որ ոմանք Աստծո հետ հավասար ուրիշ օբյեկտներ էին դասել և այդ մեղքի համար պետք է պատժվեին:
---Եւ քանի որ երդման օբյեկտը` Աստված ամենաբարձրն է, ուստի երդման խոսքն էլ ամենաբարձրն ու ամենաարժեքավորն է ամեն խոսքերից, որը մինչև անգամ կարող է խափանել Աստծո որոշ հրամանները, որոնք երդումով չեն: Օրինակ` Ել.23:23,24,33-ում գրված է, որ Աստված որոշել էր տեքստում նշված ազգերին բնաջինջ անել իրենց մեղքերի պատճառով: Նա հրաման էր տվել իսրայել ժողովրդին, որ կոտորեն այդ ազգերին: Իսկ երբ Հեսուն խաբվելով նշված ժողովուրդներից մեկին` գաբավոնացիներին, երդումով խոստացավ նրանց չկոտորել, այդ ժամանակ, երդման խոսքի պատճառով, բնաջինջ անելու հրամանը նրանց հանդեպ խափանվեց: Հեսու 9:3-21;
---Եւ երբ մի քանի հարյուրամյակներ հետո Իսրայելի Սավուղ թագավորը գաբավոնացիներից ոմանց կոտորեց` նրանց բնաջինջ անելու նպատակով, այդ պատճառով Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց պատժեց, որովհետև Տիրոջ անունով եղած պայմանի խախտումը նշանակում է Տիրոջ անվան ոտնահարում: 2Թագ.21:1-9;
---Ուրեմն` թե´ երդման օբյեկտը փոխելը և թե´ երդման խոսքը / որոշումը խախտելը նշանակում է անարգել Աստծուն:
|
|
2. ԵՐԴՄԱՆ ԳՈՐԾԱԾՈւԹՅՈւՆԸ ՆՈՐ ՈւԽՏՈւՄ |
---Սուրբ Գրքում ՙԵրդման՚ և ՙՊարծանքի՚ միջև որոշակի նմանություն կա, քանի որ երկու դեպքում էլ ցույց է տրվում Աստծո մեծությունը` աննման լինելը և եզակիությունը: Սակայն Նոր Կտակարանում ՙԵրդման՚ և ՙՊարծանքի՚ նկատմամբ վերաբերմունքը տարբեր է. երդումը արգելված է, իսկ Աստծով պարծենալը` ոչ: Երդման մեջ, մեծարանքից զատ, պարտավորվածություն կա, իսկ պարծանքի մեջ միայն փառավորում, հույս, մեծարանք և դավանություն կա: 1Կոր.1:30,31;
---Նոր Կտակարանում Տեր Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց չերդվել, ասելով. ՙՁեր այոն` այո լինի և ոչը` ոչ՚, այսինքն առանց երդման էլ ճիշտը խոսեք` մի´ ստեք: Եւ քանի որ մարդը հեռատես և ամենագետ չէ, հնարավոր է` շփոթվի և ընկնի փորձության մեջ, ինչպես Հեսուն, Հերովդեսը: Մտթ.14:6-12; Դրա համար Տերը պատվիրեց մարդուն չերդվել, որպեսզի ապահով մնա: Մտթ.5:33-37; Հակ.5:12; Հետևաբար` երդվելը արգելված է ոչ թե նրա համար, որ մեղք է, այլ որ մարդը փորձությունից ազատ լինի: Ուրեմն` եթե երդումը մեղք լիներ, ապա հենց ինքն Աստված չէր երդվի և նրա կողմից Հին Ուխտում երդման շուրջ ուսուցումն էլ չէր տրվի: Ուստի` չարը իմանալով մարդու տկարությունը (որ նա ենթակա է երդման խոսքը խախտելու), նրան դրդում է երդվելու, որպեսզի մարդը կանգնի պատասխանատվության և պատժի առջև: Ուրեմն` Աստծով երդվելն ինքնին մեղք չէ, այլ երդման խոսքը չկատարելն է մեղք:
---Եթե մարդը մինչ գիտություն ունենալը երդվել է և այն չի կատարել, կարող է զղջումով խոստովանի իր մեղքը և ազատվի պատժից, որովհետև Աստված տգիտության ժամանակները անտեսում է և հրավիրում է ապաշխարության: Գործք.17:30; Իսկ եթե մարդը, գիտություն ունենալով հանդերձ երդվի, նա ծանր կհատուցի, թեև զղջումով, խոստովանությամբ և Տիրոջ արյունով թողություն կա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ անգամ սովորական որոշման մեջ պետք է ասենք. ՙեթե Տերը կամենա՚, կամ ՙայո՚ և ՙոչ՚. սրանից ավելին չարություն, ամբարտավանություն և մեղք է: Մտթ.5:33-37; Հակ.4:13-17;
|
|
---Այս բաժինը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ԵՐԴՈւՄ ՏԵՐ ՀԻՍՈւՍԻ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Բ. ԵՐԴՈւՄ ՓՐԿՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Գ. ԵՐԴՈւՄ ԿՈՐՍՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
|
Ա. ԵՐԴՈւՄ ՏԵՐ ՀԻՍՈւՍԻ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ |
---Մարդկության պատմությունը շատ նշանավոր մարդիկ է ունեցել, սակայն ամբողջ պատմության մեջ միայն մեկն է, որի աշխարհ գալու համար երդում է եղել անձամբ Արարիչ Աստծո կողմից: Գործք.2:30-ում Աստված Դավթին Տեր Հիսուսի աշխարհ գալու համար երդվեց: Նաև Տեր Հիսուսը Աստծո երդումով եղավ Քահանայապետ և Թագավորների Թագավոր` ի տարբերություն ամեն քահանաների և թագավորների: Եբ.7:20-22,28;
---Տեր Հիսուսի 2-րդ գալստյան հետ կապված Սուրբ Գրքում նույնպես երդում կա: Մտթ.26:63,64-ում Տեր Հիսուսը ընդունեց երդումը և դրա հետ կապված խոսեց իր գալստյան մասին: Հայտ.10:5-7-ում հրեշտակը նույնպես երդումով խոսեց այդ իրադարձության մասին: 1Կոր.15:51,52;
|
|
Բ. ԵՐԴՈւՄ ՓՐԿՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ |
---Մենք` փրկվածներս, ավելի հաստատուն հիմք ունենք մեր հավատքի համար, որովհետև Աստծո խոստման հետ միասին նաև նրա երդումը ունենք: Եբ.6:17-20;
---Ծն.15:4-6-ում Աստված Աբրահամի հավատքը իրեն արդարություն համարեց, սակայն երդումը դեռ չկար: Իսկ երբ Աբրահամը իր հավատքը գործով հաստատեց` իր անձն ու ինչքերը ամբողջովին ուրանալով, այդ ժամանակ Աստված նրան նաև երդման խոսքը տվեց: Ծն.22:16-18;
---Մեկը կհարցնի. ՙեթե խոստումը կար, էլ երդումն ինչու՞ եղավ՚:
Աստծուց եղած խոստումը թեև անսուտն ու հաստատուն է, սակայն պայմանական է. այն պայմանավորված է հավատացյալի ընթացիկ հնազանդության հետ: Այսինքն Աստված իր խոստումը կկատարի, եթե մարդը մնա հնազանդության մեջ: Կող.1:21-23; Եբ.10:36;
---Իսկ երբ հավատացյալը գործով հաստատում է իր ընտրությունը կատարյալ անձնուրացությամբ, ինչպես Աբրահամը, այդ ժամանակ, հավատացողի կամքի համեմատ, Աստված իրավունքով հավատացյալի կյանքի ղեկը վերցնում է իր ձեռքը: Եւ հենց այս դեպքում հավատացյալի համար կա երդման խոսք ճիշտ Աբրահամի օրինակով, որով Աստված հաստատուն ապահովության երաշխավորություն է տալիս նրա անշրջադարձ լինելուն` Աստծո հետ մնալու: Կարելի է այսպես ամփոփել. մինչ վերջնական կատարյալ անձնուրացությունը հավատացյալի ապագան (թեև դարձյալ Տիրոջ շնորհքով) պայմանավորված է նրա ընտրության և հնազանդության վրա: Սակայն երբ վերջնականապես` կատարելապես հավատացյալը ընտրում է Տիրոջը և ուրանում է իր անձն ու ամեն ինչքերը, այդ ժամանակ Աստված երդումով երաշխավորում է նրա ապագան` արդեն ոչ պայմանական: 2Պետ.1:3-11;
|
Գ. ԵՐԴՈւՄ ԿՈՐՍՎՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ |
---Ինչպես որ Աստված փրկվողների համար ունի խոստում և երդում` նրանց հավատքի և հնազանդության պատճառով, նույնպես կորսվողների համար ունի խոստում և երդում` նրանց անհավատության և անհնազանդության պատճառով: Եթե Աստված մեկի կյանքում բազում ողորմություն և բարիք է արել` հնարավորություն տալով նրան, որ դարձի գա դեպի իրեն և իր կամքին հնազանդվելուն, իսկ այդ մարդը այս ամենից հետո մնացել է անհավատ և անհնազանդ, այդ դեպքում Աստված երդումով հաստատում է նրա մերժումն ու ընտրությունը մինչև հավիտյան: Հռ.1:18-28; 2Թսղ.2:9-11; Եբ.3:10-14,18,19;
---Աստված մարդկանց թողել է ազատ կամքի, բայց և այնպես վերջնական ինքը պետք է հաստատի նրանց կամքի ընտրությունը և ղեկը վերցնի իր ձեռքը` իր ունեցած գերիշխան իրավունքով: Եւ սրանից հետո իրավունք ունի բացելու կամ խստացնելու մարդկանց սրտերը, ինչպես որ փարավոնի հետ վարվեց: Ել.10:1;
---Հետևաբար` Աստծո երդումը կատարյալ վիճակների համար է` թե´ դրական, թե´ բացասական:
---Եզեկ.47:1-5 - հատվածից երևում է, որ Աստված այն մարդու կյանքի ղեկն է վերցնում իր ձեռքը, ով իր ընտրության մեջ խորանում է մինչև կատարելություն` խոսքում նշված ջրերի օրինակի պես: Ջուրը նրան է առաջ տանելու` առաջնորդելու, ով խորացել է ջրի մեջ: Տիրոջը հակառակ ճանապարհի մեջ խորացածներն էլ կգնան դեպի կատարյալ բաժանություն Աստծուց:
|
| ---Ամփոփում. ՙԵրդումը՚ խոսք է, որն իր մեջ ունի օբյեկտ, և այդ օբյեկտը երդվողի համար ունի ամենաբարձր արժեքն ու հեղինակությունը: Երդման խոսքը հաստատում է խոսողի խոսքի ճշմարիտ և անփոփոխ լինելը: Սակայն նորկտակարանյան ժամանակաշրջանում Տերը պատվիրել է չերդվել` փորձությունից հեռու մնալու նպատակով:
---Աստված երդումներ ունի փրկվողների և կորսվողների հետ կապված` նրանց կատարյալ ընտրությունից ելնելով` ոմանք դեպի հավիտենական կյանք, իսկ ոմանք դեպի հավիտենական տանջանք` հավիտյան զրկված Աստծո հանգստից:
|
|
|